Չաարատ Կապանի ֆինանսավորմամբ Կապանի թիվ 8 նախակրթարանի գույքն ամբողջովին փոխվել է։ Ընկերությունը,Կապան համայնքի հետ սոցիալական ծրագրերի շրջանակներում, շուրջ 17 միլիոն դրամ է տրամադրել նախակրթարանի գույքի նորացման համար։ Սեպտեմբերի 1-ին նախակրթարանի հանդիսավոր բացմանը, Չաարատ Կապան ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Թովմասյանը Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանի հետ ծանոթացավ նախակրթարանում ստեղծված պայմաններին ու հարմարություններին։
Նախակրթարանի տնօրենի խոսքով, շուրջ 60 տարվա պատմություն ունեցող շենքում առաջին անգամ է նման ծավալի փոփոխություններ իրականացվել, այստեղ երեխաների դաստիարակության համար ստեղծված են բոլոր պայմանները, ժամանակակից խաղահրապարակ, լողավազան, հարմարավետ կահույք և այլ պարագաներ։
Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանն ու նախակրթարանի ողջ անձնակազմը շնորհակալություն հայտնեցին ընկերության ղեկավարությանը, հերթական գեղեցիկ նվերը Կապանցիներին տրամադրելու համար։
«Առաջին անգամ չէ, որ Չաարատը մեծ պատրաստակամությամբ է մասնակցում Կապան համայնքում իրականացվող ծրագրերի ֆինանսավորմանը, իսկ հատկապես երեխաներին առնչվող հարցերում ոչինչ չի խնայվում։ Ուրախ ու շնորհակալ ենք, որ մեզ ևս հնարավորություն ընձեռվեց մասնակցել այս գեղեցիկ ծրագրին ու մեր երեխաների համար ստեղծել ավելի բարեկեցիկ պայմաններ»,- իր խոսքում ընդգծեց Դավիթ Թովմասյանը։
Նշենք, որ ընկերության կողմից գույքի նորացման ծրագիր իրականացվում է նաև Դավիթ Բեկ գյուղի նախակրթարանի սաների համար։