Բարելավվել են կանանց բուժսպասարկման պայմանները

Նոյեմբերի 19-ին շահագործման հանձնվեց ընկերության աջակցությամբ իրականացվող «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի պոլիկլինիկայի կանանց կոնսուլտացիայի հիմնանորոգված հարկաբաժինը: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին  «Chaarat Gold Holdings»,-ի տնօրենների խորհրդի նախագահ Մարտին Անդերսոնը,  խորհրդի ներկայացուցիչներ, մարզային և համայնքային իշխանություններ, ինչպես նաև բժշկական կենտրոնի բուժաշխատողները։

Հյուրերը շրջեցին վերանորոգված տարածքով, ծանոթացան համայնքի բնակիչների համար ստեղծված պայմաններին: Բաժանմունքը տարեկան  սպասարկում  է  շուրջ 3000 կնոջ, որտեղ, բացի  Կապանի  տարածաշրջանից  բժշկական ծառայություններ  են ստանում նաև Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի բնակիչները:

Վերանորոգման աշխատանքներին ընթացք էր տրվել սեպտեմբերի 5-ից, սկզբնական շրջանում նախատեսված էր  միայն կանանց բաժանմունքի վերանորոգումը, սակայն ընթացքում ընկերության  գլխավոր տնօրենի նախաձեռնությամբ աշխատանքների տարածքը ընդլայնվեց՝  ընդհուպ մինչև թերապևտիկ բաժանմունք, որում  ընդգրկված  է նաև  համայնքի բնակիչների համար ոչ պակաս  կարևոր նշանակություն ունեցող ֆլյուորոգրաֆիայի  բաժանմունքը: Փոխվել են  դռներն ու պատուհանները, նորացվել՝ լուսավորության,   ջեռուցման  ու օդափոխության համակարգերը։  Վերանորոգված տարածքի ընդհանուր մակերեսը շուրջ 221 քառակուսի  մետր է: Շուրջ 12 մլն դրամի ներդրում է արվել, իսկ  վերանորոգման աշխատանքները իրականացվեց  ընկերության շինարարական աշխատանքների տեղամասի աշխատակիցների կողմից:

Արդեն բարեկարգ տեսք ստացած բաժանմունքները  շահագործումից հետո չէին վերանորոգվել  (շուրջ 30 տարի)  ուստի աշխատանքների ընթացքում  բազմաթիվ  խնդիրներ առաջացան, որոնք ընկերության  շինարարները սեղմ ժամկետներում  վարպետորեն  իրականացրեցին՝  բաժանմունքը անմխիթար վիճակից վերածելով  բարեկարգ տարածքի: Այստեղ  հաշվի է առվել  սպեցիֆիկ կարգավիճակը, ընտրվել է այնպիսի շինարարական նյութեր  և գույք , որոնք հնարավորինս համապատասխանեցվել  ենք  տվյալի բաժանմունքների պահանջներին:

«Կարծում եմ այս ծրագրի իրականացումը ժամանակի հրամայական էր, այստեղ  բժշկական ծառայություններ են ստանում մեր կանայք, իսկ տարիներ շարունակ նրանք  զրկված են եղել բարեկեցիկ ու հարմարավետ պայմաններում սպասարկվել: Մեր ընկերությունը մեծ սիրով ու հպարտությամբ է իրականացրել այս ծրագիրը, մեր շինարարները ջանք չեն խնայել՝ նման պայմաններ ապահովելու մեր ներկա ու ապագա մայրերի  համար»,- լրատվամիջոցների հետ զրույցում  նշեց ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Թովմասյանը:

Ներկաները իրենց խոսքում  շնորհակալություն հայտնեցին    ընկերության ղեկավարությանը  համայնքի  հոգսերն ու խնդիրները մշտապես ուշադրության կենտրոնում պահելու և նման կարևոր նախաձեռնություններ իրականացնելու համար:

«Chaarat Gold Holdings»,-ի ղեկավարությունը  վստահեցրեց , որ  ապագային միտված  ու  համայնքի զարգացմանն ուղղված բոլոր ծրագրերին Չաարատ Կապանը շարունակելու է իր դերակատարումն ունենալ: