Գեղանուշ գյուղում արդեն նախակրթարան է գործում

Կապան համայնքի Գեղանուշ բնակավայրում «Չաարատ Կապան» ՓԲ ընկերության ֆինանսավորմամբ բացվել է նոր մանկապարտեզ։  Գեղանուշ բնակավայրը նախակրթարան չի ունեցել 30 տարուց ավելի, գյուղի բնակիչները ստիպված էին իրենց երեխաներին տանել այլ համայնքների նախակրթարաններ: Նորաստեղծ նախակրթարանը  հնարավորություն կտա երեխաների կրթությունն ու դաստիարակությունը իրականացնել  գեղեցիկ  ու հարմարավետ պայմաններում: Նախակրթարանի հանդիսավոր բացմանը Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը  շնորհակալություն հայտնեց ընկերությանը համայնքին հերթական անգամ  ցուցաբերած աջակցության համար և կարևորեց նախադպրոցական կրթության դերը յուրաքանչյուր երեխայի կյանքի ճիշտ մեկնարկն ապահովելու գործում ։

Չաարատ Կապան ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Թովմասյանը  իր հերթին ևս շնորհակալություն հայտնեց համայնքի ղեկավարին՝ նշելով, որ ընկերության համար երեխաների, նրանց կրթության, դաստիարակության հարցերն ամենակարևորներից են և ուրախ են, որ ընկերության ֆինանսական միջոցները ուղղվում են համայնքի համար կարևոր և մնայուն արժեքներ ստեղծելուն։