Դավիթ Թովմասյանի խոսքը՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ

Հարգելի՛ գործընկերներ,
Սիրելի՛ հայրենակիցներ,
Շուտով 2020 թվականն այլևս պատմություն է դառնալու:
Անցնող տարին, ցավոք, ամփոփում ենք անդառնալի կորուստներով ու ցավալի իրադարձություններով: Տարվա սկզբին բռնկված կորոնավիրուսային համաճարակը ստիպեց նոր կանոններ կիրառել ինչպես բոլորիս առօրյա կյանքում, այնպես էլ աշխատավայրում: Իսկ Արցախյան պատերազմը հիմնովին փոխեց ողջ հայության ներկան ու ապագայի նկատմամբ ծրագրերը:
Սիրելի՛ գործընկերներ,
Սովորաբար անցնող տարվա նախաշեմին ամփոփում ենք մեր ընկերության 365 օրվա աշխատանքը, մատնանշում՝ ձեռքբերումներն ու հետագա անելիքները: Նախորդ տարում, անշուշտ, մեզ հաջողվեց մեր դերակատարումն ունենալ Կապան համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման, գալիք սերնդի արժանապատիվ ապագայի կառուցման պատվաբեր գործում:
Սակայն անցնող տարին նաև մեծ փորձություններ բերեց, որով անցանք ամենքս: Ուզում եմ յուրաքանչյուր աշխատակցի անհատապես շնորհակալություն հայտնել մեր հայրենիքի համար դժվարին այդ օրերին միակամ լինելու, փոխըմբռնման ու ձեր պատրաստակամության համար: Ինչպես համաճարակի կանխարգելմանն ուղղված միջոցառումներում, այնպես էլ պատերազմի օրերին ընկերության ողջ կոլեկտիվը դարձավ մի բռունցք՝ յուրաքանչյուրն իր աջակցությունը ներդրելով հայրենանվեր աշխատանքներին:
Շնորհակալ եմ ամիսներ շարունակ մարտական հերթապահության ու այսօր ևս այդ հերթապահությունը շարունակող մեր գործընկերներին:
Խոնարհվում եմ բոլոր նահատակների առջև. նրանք զոհվեցին հանուն հայրենիքի ու բոլորիս ապագայի: Մեր խորին ցավակցությունը՝ զոհվածների ընտանիքներին և հարազատներին:
Մենք հավերժ պարտական ենք նահատակների ընտանիքներին:
Հայրենակիցնե՛ր,
Թող գալիք տարին բոլորիդ ընտանիքներ միայն ջերմություն ու հաջողություններ բերի:
Ու թող, որ 2021 թվականը խաղաղության և բարօրության տարի լինի Հայաստանի ու հայ ժողովրդի համար:
Հարգանքով ՝ Դավիթ Թովմասյան