Հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ բարեկամներ,
Հաշված օրեր անց 2019 թվականն այլևս պատմություն է դառնալու: Ավարտվող տարվա նախաշեմին պատեհ առիթ է ամփոփելու ընկերության կատարած աշխատանքները, արժևորելու ձեռքբերումներն ու ուղենշելու անելիքները: Անցնող տարին հագեցած էր կարևոր իրադարձություններով, նախաձեռնություններով ու ձեռքբերումներով:
Նախորդ տարում մեզ հաջողվել է մեր դերակատարումն ունենալ Կապան համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման, գալիք սերնդի արժանապատիվ ապագայի կառուցման պատվաբեր գործում: Մենք իրականացրել ու շարունակելու ենք իրականացնել մեր համայնքի բնակիչների բարեկեցության և կյանքի որակի բարձրացմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր:
Հարգելի՛ գործընկերներ,
Հետահայաց նայելով անցնող տարվա ընկերության արտադրական արդյունքներին, ուզում եմ երախտագիտությունս հայտնել մեր կոլեկտիվի յուրաքանչյուր աշխատակցի անհատապես, ովքեր իրենց գիտելիքների, աշխատանքի նկատմամբ նվիրումի ու պատասխանատվության շնորհիվ ապահովեցին արտադրական ցուցանիշների կատարմանը, հավատացին մեր հավաքական ուժին և հնարավորություններին:
Մենք նոր տարի ենք մտնում նոր հույսերով և զարգացման մեծ ակնկալիքներով:
Թող տարին բոլորիդ բերի խինդ ու երջանկություն, եռանդ ու հոգու ջերմություն, նաև աշխատանքի արդար վաստակ. Թող այն հաջողությունների տարի լինի մեր ընկերության, յուրաքանչյուրիս համար:
Ու թող, որ 2020 թվականը խաղաղություն և բարօրություն բերի Հայաստանի ու Արցախի Հանրապետություններին:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:
Հարգանքով ՝ Դ. Թովմասյան