Դեկտեմբերի 19-ին «Չաարատ Կապան» ՓԲ ընկերության գլխավոր տոնածառի շուրջ իրականացավ տարվա ամենասպասված՝ «Ամանորյա երազանք» բարեգործական նախաձեռնության հանդիսավոր միջոցառումը:
Ընկերությունում արդեն ավանդույթի ուժ ստացած այս միջոցառումը մեկ գաղափար ունի՝ աջակցել սոցիալապես անապահով ընտանիքների ու առողջական խնդիրներ ունեցող երեխաներին՝ նրանց ամանորյա հեքիաթն իրականություն դարձնելու համար:
Դեռևս մեկ ամիս առաջ ընկերության վարչական շենքի տոնածառին կախված յուրաքանչյուր խաղալիքի վրա գրված էր «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն հիմնադրամի» 54 երեխայի երազանք, ովքեր ակնկալում էին Ձմեռ պապից այս Ամանորին ստանալ: Մի քանի օրվա ընթացքում այդ նվերերն արդեն պատրաստ էին: Նախաձեռնությանը մասնակցել են ընկերության բոլոր աշխատակիցները անխտիր՝ իրենց անձնական միջոցներով:
Երեխաներին նվերները հանձնեցին Ամանորի ամենասիրելի կերպարներ՝ Ձմեռ պապն ու Ձյունանույշը՝ տոնական տրամադրություն պարգևելով միջոցառման մասնակիցներին:
Նախաձեռնության մասնակից երեխաներն Ամանորի նվերներ ստացան նաև ընկերության ղեկավարության կողմից: