Երկարամյա հանքագործը

Հանքի հորատապայթեցման տեղամասի ստորգետնյա հորատող կայանքի մեքենավար Արարատ Մովսիսյանը 3 տասնամյակից ավելի աշխատում Է Կապանի կոմբինատում։ Բանակից վերադառնալուց անմիջապես հետո աշխատանքի է անցնում, որպես խոր փորման հաստոցավար։ Հանքագործի ընտանիքում մեծացած տղային խորթ չէր արդյունաբերության աշխատանքը, ասում է հանք մտնելիս պատկերացում ուներ արդեն ինչ գործ է և հեշտությամբ է հարմարվել իրեն վստահված աշխատանքին։

«37 տարի է ինչ այս աշխատանքով եմ զբաղվում, ամեն օր հաճույքով ու հպարտությամբ եմ հագնում հանքագործի համազգեստը և չեմ հոգնում, երևի, այն պատճառով, որ աշխատանքս շատ եմ սիրում»։

Ասում է՝ աշխատանքը սիրով է տրվում , եթե ունես լավ անձնակազմ, վստահելի գործընկերներ և երախտապարտ է, որ այդ հնարավորությունը տրված է իրեն ։

«Մի ղեկավար ունեինք միշտ ասում էր, որ հանքի բանվորը քարի ու երկաթի հետ է գործ անում, բայց հոգին փափուկ է․ ինքը, իրոք, իրավացի էր։ Կոմբինատը իմ երկրորդ ընտանիքն է դարձել, ունեմ արդեն հարազատ դարձած գործընկերներ, ովքեր ամեն պահ պատրաստ են քեզ աջակցելու»,- նշում է հանքագործը։

Արարատ Մովսիսյանն աշխատանքում սիրել է պարտաճանաչությունն ու կարգապահությունը, աշխատել այդ սկզբունքներն աչքի առաջ ունենալով։ Վստահեցնում է՝ երկար տարիների աշխատանքը նույն ձեռնարկությունում ամենամեծ գնահատականն է հանքագործի համար։