Կանայք՝ արտադրությունում

Ձեռնարկության մետալուրգիական ծառայության մենեջեր Աննա Փարամազյանը, չնայած երիտասարդ տարիքին, արդեն հասցրել է աշխատանքային հարուստ կենսափորձ ունենալ:  Դեռևս 22 տարեկանում,  որպես ֆլոտացնող աշխատանքի անցավ  Կապանի կոմբինատում. այսօր  արդեն նրա ենթակայությամբ 102 աշխատակից կա:

«Երբ դեռ նոր էի ընդունվել աշխատանքի, բոլորը զարմացած մի հարց էին տալիս՝ արդյոք այս աշխատանքը դժվար չէ՞ ինձ համար,  հատկապես, որ հերթափոխային  էր, բայց դա ինձ չէր վախեցնում: Հետագայում իհարկե, որպես  սկսնակ աշխատող, դժվարություններ շատ ի հայտ եկան. այն տարիներին դեռևս տեխնոլոգիական գործընթացներն ավտոմատացված չէր, և շատ ժամանակ ձեռքի ուժ էր անհրաժեշտ լինում, բայց գործընկերներիս,  արտադրության աշխատանքը սիրելու  շնորհիվ շատ բան հաղթահարեցի», -հիշում է:

Ասում է արտադրությունը միայն  ծանր աշխատանք չէ, այն շատ հետաքրքիր է և մասնագիտորեն աճելու մեծ հնարավորություններ է տալիս, որը ստիպում էր ամեն օր երիտասարդ աղջկան շտապել հարազատ աշխատավայր:

«Այն ճանապարհը, որ անցել եմ այստեղ, շատ բան  տվեց ինձ, կոմբինատի  աշխատանքային ամեն օրը  նորը սովորելու հնարավորություն էր: Տարիներ շարունակ, ընկերությունը շահագործվելով նաև արտերկրում գործունեություն ծավալող ընկերությունների կողմից, մեզ օգնեց նաև այստեղ աշխատած ղեկավարներից վերցնել իրենց երկրում կիրառվող փորձը, որոնցից հաջողվածը նաև մենք կիրառեցինք»,-ասում է նա:

Աշխատանքային օրինակելի ու մեծ փորձ ձեռք բերած մեր գործընկերը, վստահեցնում է՝ հաջողությունների հասել է, քանի որ կարողացել է հստակ նպատակ ունենալ ու քայլել այդ ուղով,  իսկ անընդհատ սովորելն ու նորը կիրառելու համարձակությունը նրան  մասնագիտության մեջ հմտացրեց:  Արտադրությունն այսօր նրա համար կյանքի շարունակական ընթացքի մեջ անբաժան մասն է կազմում, անգամ աշխատավայրում չլինելու  դեպքում՝ պարբերաբար կապի  մեջ է օրվա բոլոր  ժամերին :

«Լավ ղեկավար է՝ օժտված մարդակային  ամենավեհ հատկանիշներով, իր մասնագիտությանը հիմնովի տիրապետող, ում հետ աշխատելուց և վարպետություն ես ձեռք բերում և հաճույք ստանում:»,- նշում է գործընկերը՝ Ռուզաննա Գրիգորյանը:

Աննան նաև մայր  է, երկու զավակ է մեծացնում, փորձում ժամանակի բաշխումն այնպես կատարել, որ աշխատանքն ու ընտանիքը  չտուժվեն: