«Չաարատ Կապան» ՓԲ ընկերության կողմից իրականացվող հերթական ծրագիրը Կապան համայնքում արդեն կյանքի է կոչվել։ Ընկերության ֆինանսավորմամբ հիմնովին վերանորոգված Կապանի թիվ 2 երաժշտական և գեղարվեստի մանկական դպրոցների շենքը շահագործման հանձնվեց։ Կատարված աշխատանքներին ծանոթանալու համար դպրոց էին այցելել ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Թովմասյանը, «Չաարատ Գոլդ Ինթերնեշնլ Լիմիթիդ» ընկերության արտադրության գծով տնօրեն Դարին Կուպերը և Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը։
Դպրոցների շենքը 1972 թվականից շահագործվելուց հետո առաջին անգամ է վերանորոգվել, որը դպրոցի անձնակազմի համար մեծ նվեր էր։ Այսօր դպրոցում ստեղծված են կրթության համար անհրաժեշտ բոլոր պայմաններն ու հարմարությունները, ապահոված՝ ջեռուցման համակարգով։
Կապան համայնքի և Չարատ Կապանի հետ հերթական հաջող համագործակցության համար Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը շնորհակալություն հայտնեց ընկերության ղեկավարությանը, աշխատակիցներին Կապան համայնքին նման անհրաժեշտ ու գեղեցիկ նվեր մատուցելու համար։
«Չաարատ Կապան» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Թովմասյանը մեկ անգամ ևս վերահաստատեց, որ ընկերությունը չէր կարող անմասն մնալ Կապան համայնքն ավելի բարեկեցիկ ու գեղեցիկ դարձնելուն ուղղված ծրագրերում։
«Սա ևս մեկ քայլ է Կապան համայնքում մշակութային կյանքը զարգացնելու և ապագա արվեստագետների համար որակյալ կրթություն ապահովելու համար, և ուրախ ենք, որ այս գործում «Չաարատ Կապան» ՓԲ ընկերությունը ևս ունեցավ իր զգալի դերակատարումը»,- նշեց Դավիթ Թովմասյանը։
Դպրոցի բացումն ուղեկցվել է գեղանկարչական աշխատանքների ցուցադրությամբ և երաժշտական դպրոցի տպավորիչ համերգային ծրագրով, որի ընթացքում ելույթ են ունեցել և՛ դպրոցի սաները, և՛ ուսուցիչները։