Հիմնանորոգվել է Կապանի թիվ 10 ՆՈՒՀ-ը

«Կապանի ԼՀԿ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Սասուն Ավետիսյանը Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի հետ մասնակցեց վերջերս հիմնանորոգված թիվ 10 նախակրթարանի հանդիսավոր բացմանը։ Նախակրթարանը համապատասխան գույքով կահավորվել է «Կապանի ԼՀԿ» ՓԲ ընկերության ֆինանսական աջակցությամբ. Կապան համայնքի հետ կնքած սոցիալ-տնտեսական համագործակցության հուշագրով սահմանված կարգով ընկերությունն այս ծրագրին տրամադրել է շուրջ 22 միլիոն ՀՀ դրամ։
Սասուն Ավետիսյանը համայնքի ղեկավարի հետ շրջեց խմբասենյակներով, ծանոթացավ երեխաների դաստիարակության, ուսուցման և խնամքի համար ստեղծված պայմաններին:
Նախակրթարանի սաները հյուրերին դիմավորեցին տոնական հանդեսով։ Թե՛ ծնողները, թե՛ նախակրթարանի մանկավարժները երախտիքի խոսքեր ասացին բոլոր նրանց, ովքեր ներդրում են ունեցել ՆՈւՀ-ի հիմնանորոգման ու կահավորման գործում։
«Կապանի ԼՀԿ» ՓԲԸ-ն ձեռնունայն չէր եկել այս միջոցառմանը. նախակրթարանի բոլոր խմբակներին ընկերությունը նվիրեց ուսուցողական խաղեր ու երեխաների օգտակար ժամանցի համար նախատեսված այլ պարագաներ։