ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի այցը «Կապանի Լեռնահարստացման Կոմբինատ» ՓԲԸ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ընդերքօգտագործման ոլորտը համակարգող փոխնախարար Հովհաննես Հարությունյանը և Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը 2024 թվականի սեպտեմբերի 28-ին այցելեցին «Կապանի Լեռնահարստացման Կոմբինատ» ՓԲ ընկերության լեռնահանքային համալիր։ Ընկերության գլխավոր տնօրեն Սասուն Ավետիսյանի ուղեկցությամբ հյուրերը եղան արտադրական տարածքներում, ծանոթացան կոմբինատի բնականոն գործունեությանը, իրականացվող ներդրումային ծրագրերին, լայնապրոֆիլ բարեփոխումների ընթացքին, անվտանգային և այլ միջոցառումներին։ Հյուրերին անվտանգության հրահանգավորման գործընթացների վերաբերյալ հակիրճ զեկույց ներկայացնելուց հետո կազմակերպվեց շրջայց նաև ստորգետնյա հանքում, որտեղ ընկերության մասնագետները նախարարին տեղում ներկայացրեցին նաև հանքի խնդրահարույց հարցերը՝ դրանց վերաբերվող աշխատանքային փաստաթղթերը և իրականացման գործընթացը։

«Կապանի Լեռնահարստացման Կոմբինատ» ՓԲ ընկերությունը կարևորում է ՀՀ Կառավարության քաղաքականությունը ընդերքօգտագործման ոլորտում մշակող և իրականացնող նախարարության և տարածքային քաղաքականության իրագործման մարմնի ուշադրությունը տնտեսավարող սուբյեկտների գործունեությանը, նրանց խնդիրներին և պետություն – մասնավոր երկխոսությունը առողջ ու կառուցողական հունով զարգացնելու
համատեքստում:
«Կապանի Լեռնահարստացման Կոմբինատ» ՓԲ ընկերությունը իր գոհունակությունն է հայտնում այցելության և կազմակերպված բազմաբովանդակ քննարկման կապակցությամբ: