Կապանի կոմբինատի հարուստ կենսագրության մեջ իրենց գործին նվիրյալ բազմաթիվ վաստակավոր անուններ կան, որոնց նաև այսօր ենք հիշում, յուրաքանչյուր պատեհ առիթ օգտագործում՝ ևս մեկ անգամ երախտապարտ լինելու: Նրանց շարքերում է նաև կոմբինատի լեգենդար տեխնոլոգ Սվետլանա Քյարունցը, ում հպարտությամբ հյուրընկալվեցինք՝ առիթը գալիք տոներն են: Ընկերության կողմից շնորհավորեցինք արդեն նախկին, բայց մեծ ավանդ թողած մեր գործընկերոջը՝ մաղթելով ամուր առողջություն ու երկար տարիների կյանք:
«Կոմբինատը ինձ համար միայն աշխատավայր չի եղել, այն հարազատ վայր էր, որտեղ ես անցկացրել եմ իմ կյանքի գրեթե մեծ մասը և իրապես շնորհակալ եմ, որ մինչ օրս հիշում ու գնահատում եք մեր թողած վաստակը»,- իր խոսքում նշեց Սվետլանա Քյարունցը՝ մեզ հետ կիսվելով աշխատանքային եռուն օրերի հուշերով:
Սվետլանա Քյարունցը գրեթե կեսդարյա աշխատանքային ուղի է անցել Կապանի կոմբինատում՝ բանվորից ստանձնելով ղեկավար պաշտոնների: Նախ` Հարստացուցիչ ֆաբրիկայի հարստացնող է աշխատել, հետո գլխավոր ինժեներ, ֆաբրիկայի ղեկավար, Տեխնիկական վերահսկողության բաժնի պետ, որակի գծով տնօրենի տեղակալ, խորհրդական՝ մեծ պատասխանատվությամբ իրականացնելով իրեն վստահված բոլոր աշխատանքները: Այսօր էլ ընկերությունում քիչ չեն այն աշխատակիցների թիվը, ովքեր աշխատանքային ուղի ու վարպետություն ստացան իրենց ավագ գործընկեր Սվետլանա Քյարունցից:
«Չաարատ Կապան» ՓԲ ընկերությունն ամանորի նվերներ էր պատրաստել նաև Կապանում բնակվող Հայրենական մեծ պատերազմի մասնակից վետերաններին, որոնցից շատերը նաև աշխատել են Կապանի կոմբինատում:
Վետերանները իրենց հերթին երախտագիտություն հայտնեցին Չաարատ Կապանի բոլոր աշխատակիցներին ու ղեկավարությանը՝ արժանացրած վերաբերմունքի և մշտապես ուշադրության կենտրոնում իրենց պահելու համար: