Շիկահողում կարի արտադրամաս բացվեց

Նոյեմբերի 12-ին Կապանի սահմանամերձ Շիկահող բնակավայրում ներկա գտնվեցինք ժամանակակից սարքավորումներով հագեցած կարի արտադրամասի բացմանը, որը բնակավայրի շուրջ 14 կանանց համար աշխատատեղ է ապահովելու։ Սահմանամերձ համայնքները զարգացնելու և բնակիչների սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանն ուղղված այս ծրագրին մեծ պատասխանատվությամբ իր մասնակցությունն է ունենում նաև Չաարատ Կապանը։ Դավիթ Թովմասյանը նորաբաց արտադրամասի տնօրենի հետ կնքեց տնտեսական համագործակցության հուշագիր՝ որով ընկերությունը պարտավորվում է արտահագուստների կամ արտադրության համար անհրաժեշտ այլ ապրանքների ձեռք բերման պատվերների մի մասը պատվիրել տվյալ կարի արտադրամասից։
Արտադրամասը ստեղծվել է ՀՀ Վարչապետի որոշմամբ 2021 թվականին կազմավորված Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի շնորհիվ։