Շուտով Կապանը կունենա ժամանակակից նոր նախակրթարան

Ապրիլի 27-ին ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Թովմասյանն ու Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը ստորագրեցին սոցիալ-տնտեսական համագործակցության համաձայնագիր, որով ընկերությունը ֆինանսավորելու է Կապան քաղաքի Լեռնագործների 16 հասցեում կառուցվող նախադպրոցական ուսումնական հաստատության հիմնանորոգման աշխատանքներն ավարտին հասցնելու ծրագիրը։
2022 թվականի համար նախատեսված է տրամադրել 130 միլիոն դրամ։ Նշենք, որ մինչ այս համաձայնագիրը նախորդ տարիներին ևս ընկերությունը տրամադրել է ավելի քան 140 միլիոն դրամ՝ նույն նախակրթարանի հիմնանորոգման աշխատանքների համար։
Հանդիպմանը ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Թովմասյանը մեկ անգամ ևս վերահաստատեց, որ Չաարատ Կապանը սիրով է մասնակցում Կապան համայնքի բարեկեցությանն ուղղված ամենատարբեր ծրագրերի իրականացմանը, որոնցից մեկն արդեն հարազատ դարձած այս ծրագիրն ավարտին հասցնելն է, որը, ըստ պատասխանատուների իր ժամանակակից լուծումներով տարածաշրջանի լավագույն նախակրթարաններից մեկն է լինելու։
Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը իր խոսքում կարևորեց Կապանի կոմբինատի դերը համայնքի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման գործում, և ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց ընկերության ղեկավարությանը՝ ամրապնդված համայնք-ընկերություն սերտ համագործակցության համար։
Նոր նախակրթարանի անհրաժեշտությունը չափազանց կարևոր է համայնքի համար, որի գործարկմամբ շուրջ 150 երեխայի հաճախելիության հարց է լուծվելու, ստեղծվելու են աշխատատեղեր ու ամենակարևորը կապանցի երեխաների դաստիարակության ու ժամանցի համար ստեղծվելու են լավագույն պայմանները։
Ծրագրի բարեհաջող ընթացքի դեպքում 2023 թվականի սեպտեմբերին նախակրթարանն արդեն պատրաստ կլինի ընդունելու իր առաջին սաներին։