https://banks.am/am/news/newsfeed/19091
Կապան համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանը եւ «Չաարատ Կապան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Դավիթ Թովմասյանը սոցիալ-տնտեսական համագործակցության մասին հուշագիր են ստորագրել:
Հուշագրի համաձայն՝ ընկերությունը սոցիալ-տնտեսական համագործակցության շրջանակներում 120 միլիոն դրամով ֆինանսավորելու է համաձայնագրով սահմանված Կապան համայնքում իրականացվող աշխատանքների եւ գույքի ձեռքբերման համար: Հաշվի առնելով համաճարակային իրավիճակը՝ հուշագիրը ստորագրվել է հեռահար:
Ըստ համաձայնագրի հատկացվող գումարը կուղղվի սուբվենցիոն ծրագրերի իրականացմանը: Մասնավորապես, Կապան համայնքի համար ձեռք է բերվելու 2 աղբատար մեքենա, վերանորոգվելու է Գեղանուշ բնակավայր տանող ճանապարհը, ինչպես նաեւ կվերանորոգվի Կապան քաղաքի Մուշեղ Հարությունյան թաղամասի սողանքի հարակից ճանապարհը:
Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանի խոսքով, 2020 թվականի համար կոմբինատի համաֆինանսավորմամբ իրականցվող ծրագրերը ընտրվել են՝ հաշվի առնելով դրանց կատարման առաջնահերթությունը:
«Իրականցվող ծրագրերը հնարավորություն են տալու Կապան համայնքի համընդհանուր զարգացման ուղով ընթանալ՝ ներառելով ոչ միայն Կապան քաղաքը, այլ գյուղական բնակավայրերը եւս: Ուրախալի է, որ կոմբինատի ղեկավարությունը, կիսելով մեր մոտեցումները, իր սոցիալական աջակցության ծրագրերը իրականացնում է ոչ միայն կոմբինատի ազդեցության ներքո գտնվող ազդակիր բնակավայրերի, այլ նաեւ ամբողջ համայնքի համար», – ասել է Գեւորգ Փարսյանը:
Համայնքապետն ասել է, որ մեկ տարվա ընթացքում «Չաարատ Կապան»-ի հետ սերտ համագործակցության շրջանակներում էական աշխատանքներ են տարվել համայնքի զարգացման եւ տարբեր խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի իրականացման համար:
«Ուրախ ենք, որ ընկերությունը հնարավորություն ունի իր ներդրումն ու մասնակցությունն ունենալ մեր քաղաքի զարգացմանն ուղղված ծրագրերում: Սա ընկերությունում աշխատող յուրաքանչյուր աշխատակցի ներդրումն է՝ ի նպաստ մեր սիրելի համայնքին ու մեր՝ բոլորիս ընտանիքներին: Ընկերությունը շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել համայնքի խնդիրները, եւ հուշագրով սահմանված պարտավորություններից բացի, Կապան համայնքի համար այլ ծրագրեր եւս կիրականցվեն»,- ասել է «Չաարատ Կապան»-ի գլխավոր տնօրեն Դավիթ Թովմասյանը: