ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի այցը «Կապանի Լեռնահարստացման Կոմբինատ» ՓԲԸ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ընդերքօգտագործման ոլորտը համակարգող փոխնախարար Հովհաննես Հարությունյանը և Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը 2024 թվականի սեպտեմբերի 28-ին այցելեցին «Կապանի Լեռնահարստացման Կոմբինատ» ՓԲ ընկերության լեռնահանքային համալիր։ Ընկերության գլխավոր տնօրեն Սասուն Ավետիսյանի ուղեկցությամբ հյուրերը եղան արտադրական տարածքներում, ծանոթացան կոմբինատի բնականոն գործունեությանը, իրականացվող ներդրումային ծրագրերին, լայնապրոֆիլ բարեփոխումների ընթացքին, անվտանգային և այլ միջոցառումներին։ Հյուրերին անվտանգության հրահանգավորման գործընթացների վերաբերյալ հակիրճ զեկույց ներկայացնելուց հետո կազմակերպվեց շրջայց նաև ստորգետնյա հանքում, որտեղ ընկերության մասնագետները նախարարին տեղում ներկայացրեցին նաև հանքի խնդրահարույց հարցերը՝ դրանց վերաբերվող աշխատանքային փաստաթղթերը և իրականացման գործընթացը։

«Կապանի Լեռնահարստացման Կոմբինատ» ՓԲ ընկերությունը կարևորում է ՀՀ Կառավարության քաղաքականությունը ընդերքօգտագործման ոլորտում մշակող և իրականացնող նախարարության և տարածքային քաղաքականության իրագործման մարմնի ուշադրությունը տնտեսավարող սուբյեկտների գործունեությանը, նրանց խնդիրներին և պետություն – մասնավոր երկխոսությունը առողջ ու կառուցողական հունով զարգացնելու
համատեքստում:
«Կապանի Լեռնահարստացման Կոմբինատ» ՓԲ ընկերությունը իր գոհունակությունն է հայտնում այցելության և կազմակերպված բազմաբովանդակ քննարկման կապակցությամբ:

Հիմնանորոգվել է Կապանի թիվ 10 ՆՈՒՀ-ը

«Կապանի ԼՀԿ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Սասուն Ավետիսյանը Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի հետ մասնակցեց վերջերս հիմնանորոգված թիվ 10 նախակրթարանի հանդիսավոր բացմանը։ Նախակրթարանը համապատասխան գույքով կահավորվել է «Կապանի ԼՀԿ» ՓԲ ընկերության ֆինանսական աջակցությամբ. Կապան համայնքի հետ կնքած սոցիալ-տնտեսական համագործակցության հուշագրով սահմանված կարգով ընկերությունն այս ծրագրին տրամադրել է շուրջ 22 միլիոն ՀՀ դրամ։
Սասուն Ավետիսյանը համայնքի ղեկավարի հետ շրջեց խմբասենյակներով, ծանոթացավ երեխաների դաստիարակության, ուսուցման և խնամքի համար ստեղծված պայմաններին:
Նախակրթարանի սաները հյուրերին դիմավորեցին տոնական հանդեսով։ Թե՛ ծնողները, թե՛ նախակրթարանի մանկավարժները երախտիքի խոսքեր ասացին բոլոր նրանց, ովքեր ներդրում են ունեցել ՆՈւՀ-ի հիմնանորոգման ու կահավորման գործում։
«Կապանի ԼՀԿ» ՓԲԸ-ն ձեռնունայն չէր եկել այս միջոցառմանը. նախակրթարանի բոլոր խմբակներին ընկերությունը նվիրեց ուսուցողական խաղեր ու երեխաների օգտակար ժամանցի համար նախատեսված այլ պարագաներ։

Ամանորի նվերներ համայնքի փոքրիկներին

Կապանի լեռնահարստացման կոմբինատն արդեն ավանդույթ է դարձրել Նոր տարվա նախաշեմին բարի անակնկալներ անել համայնքի փոքրիկներին։ Տոնական նվերներով շրջայցի մեր առաջին հասցեն Գեղանուշ բնակավայրն էր, որի փոքրիկ բնակիչներին փոխանցվեցին ընկերության Ամանորի նվերները։

Ամանորի նախաշեմին այցելեցինք  նաև  ընկերության՝ 44-օրյա պատերազմում զոհված աշխատակիցների ընտանիքներին, շնորհավորեցինք գալիք տոները և հանձնեցինք Ամանորի նվերներ։

«Կապանի լեռնահարստացման կոմբինատ» և «Էս Ընդ Էյ Մայնինգ» ընկերություններն անակնկալ մատուցեցին  նաև իրենց աշխատողների երեխաներին։ Շուրջ 1300 երեխայի նվեր-փաթեթներ հանձնեցին Ամանորի ամենասիրելի հերոսները՝ Ձմեռ Պապն ու Ձյունանուշը։

Տեխնիկական միջոցների պարկը վերազինվում է

Ընկերության տեխնիկական միջոցների պարկը համալրվեց միանգամից վեց նոր TOYOTA Land Cruiser 78 Hardtop մարդատար մեքենաներով, որոնք ծառայելու են ստորգետնյա հանքի աշխատանքների համար։ Մեքենաները ձեռք են բերվել Կապանի Լեռնահարստացման Կոմբինատի և կապալառու «Էս Ընդ Էյ Մայնինգ» ՍՊ ընկերության հետ համատեղ։ Տեղեկացնենք, որ թե հանքի և թե արտադրական մյուս տեղամասերի տեխնիկական միջոցների ու սարքավորումների վերազինման գործընթացը շարունակական բնույթ կունենա և առաջիկայում կրկին կունենանք նման համալրումներ։

Նոր մանկապարտեզ Կապանում՝ վերջին 37 տարում

Լեռնագործների 16 հասցեում վերակառուցված թիվ 3 նախակրթարանը բացեց իր դռները շուրջ 160 սանի համար։

Նախակրթարանը վերակառուցվել ու կահավորվել է ընկերության ֆինանսական    միջոցներով, ներդրվել է շուրջ 360 միլիոն ՀՀ դրամ։

Նախակրթարանի կարմիր ժապավենը կտրեցին ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Թովմասյանն ու Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը։
Բացման հանդիսավոր արարողությանը Դավիթ Թովմասյանը իր խոսքում ընդգծեց, որ այս ծրագիրը կոմբինատի կողմից չի դիտարկվել որպես սոցիալական պարտավորություն, այլ համարելով սեփականը, մեծ պատասխանատվությամբ ու անշահախնդրորեն է ընդունվել յուրաքանչյուր առաջարկ, և կապանցի փոքրիկների մանկությունը ամենալավը դարձնելու համար որևէ միջոց չի խնայվել։
Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը Դավիթ Թովմասյանին հանձնեց պատվոգիր ու հուշամեդալ՝ համայնքի զարգացման ծրագրերի իրականացմանը նպաստելու, համայնքային խնդիրների լուծմանը աջակցելու և Թիվ 3 նախակրթարանի վերակառուցման գործում մեծ ավանդ ունենալու համար։
Նշենք, որ վերջին 37 տարվա ընթացքում Կապանում առաջին անգամ է նոր նախակրթարան կառուցվում և ուրախ ու հպարտ ենք, որ ընկերության ավանդը ևս կա այս կարևոր ծրագրի իրականացման գործում։

Լավագույն աշխատակիցները պարգևատրվեցին

Հուլիսի երրորդ կիրակին հանրապետությունում նշում ենք Հանքագործի և մետալուրգի մասնագիտական օրը։
Ավանդույթի համաձայն, այս տարի ևս ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Թովմասյանը ընկերության մի շարք աշխատակիցների հանձնեց շնորհակալագրեր եւ դրամական պարգևներ՝ մասնագիտական բարձր վարպետության, բարեխիղճ աշխատանքի, արտադրության արդյունավետության բարձրացման գործում ներդրում ունենալու համար։
Մասնագիտական տոնի առթիվ ընկերության 3 աշխատակից էլ Հայաստանի Հանրապետության լեռնագործների, մետալուրգների և ոսկերիչների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության կողմից պարգևատրվեցին միության հուշամեդալով ու դրամական պարգևով։

Շնորհավորում ենք պարգևատրված աշխատակիցներին և մաղթում մասնագիտական նորանոր ձեռքբերումներ ու հաջողություններ։

Դավիթ Թովմասյանի ուղերձը հանքագործի և մետալուրգի օրվա առթիվ

Հանքարդյունաբերության ոլորտի հարգելի ՛ գործընկերներ,
Շնորհավորում եմ բոլորիս մասնագիտական տոնի առթիվ:
Այսօր իրենց մասնագիտական օրն են նշում աշխատանքի կարևորությունը գիտակցող ու մեր երկրի տնտեսության զարգացման գործում զգալի ներդրում ունեցող մասնագետները:
Այսօրը ևս մեկ առիթ է կրկին բարձրաձայնելու՝ ինչպես են ոլորտի ներկայացուցիչները իրենց աշխատանքով հարմարավետություն բերել մեր կյանք՝ անցնելով դժվար ճանապարհ:
Կարծում եմ բոլորիս համար է հպարտություն աշխատանքային կենսագիր ստեղծել հանքարդյունաբերության մեջ, պատվով կրել հանքագործի տիտղոսը, ում ամենօրյա աշխատանքը բարեկեցիկ կյանքի ու սերունդների բարօր ապագայի գրավականն է։
Հարգելի գործընկերներ, կրկին շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ, մաղթում եմ ձեզ առաջնահերթ անվտանգ աշխատանք, քաջ առողջություն ու կամք՝ երկրի տնտեսության համար կարևորագույն այս ճյուղը զարգացնելու համար։
Հարգանքով՝
Դավիթ Թովմասյան

Շահումյանի հանքավայրի վերագնահատում՝ գիտական հիմնավորմամբ

44.000.000 ՀՀ դրամի գիտակիրառական նշանակության պայմանագիր  կնքվեց   Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ։

 

Հունիսի 5-ին Չաարատ Կապան» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Թովմասյանն ու   Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը ստորագրել են գիտակիրառական բնույթի ծառայության մատուցման պայմանագիր: Պայմանագրի համաձայն, Պոլիտեխնիկի Լեռնամետալուրգիայի և քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտի պրոֆեսորադասախոսական կազմից ձևավորված մասնգիտական թիմը իրականացնելու է ոսկի-բազմամետաղային հանքավայրի արմատական վերագնահատում` կոնդիցիաների տեխնիկատնտեսական հիմնավորմամբ, ինչպես նաև հանքաքարի և մետաղների պաշարների հաշվարկմամբ։Հանդիպմանը երկուստեք կարևորեցին նման համագործակցությունները, որը նպաստելու է կրթության ու գիտության որակի բարձրացմանը, ինչպես նաև օգնելու  հանքարդյունաբերության համար պատրաստել որակյալ կադրեր։

Հ

Նվերներ՝ սահմանամերձ բնակավայրերի փոքրիկներին

 Երեխաների պաշտպանության օրվա առթիվ ընկերությունը անակնկալներ էր պատրաստել Կապան համայնքի փոքրիկների համար։

 Սահմանամերձ բնակավայրերի փոքրիկների օրը տոն դարձնելու համար այսօրվա մեր այցերը տարբեր ուղղություններ ունեին։ Բոլոր փոքրիկների համար ընկերությունը պատրաստել էր նվերներ։

 Ավանդույթի համաձայն ընկերության կողմից նվերներ ստացան նաև Գեղանուշի նախակրթարանի սաները։
 Ինչպես բոլոր տոներին, այս հունիսի մեկին ևս ընկերության առանձնահատուկ ուշադրության կենտրոնում էին վերջին պատերազմում նահատակված մեր աշխատակիցների երեխաները։
Սիրելի՛ փոքրիկներ,
Շնորհավորում ենք բոլորիդ ամենապայծառ տոնի՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:
Լուսավոր մանկություն, խաղաղ ու բարեկեցիկ ապագա ձեզ։

Արժեքավոր խտանյութեր, տնտեսական և բնապահպանական ծրագրեր․ Չաարատը Կապան համայնքի ամենամեծ գործատուն է

Սյունիքում  «Չաարատի» հանքավայրը հսկայական նշանակություն ունի ինչպես Կապան համայնքի, այնպես էլ ամբողջ հանրապետության համար՝ որպես տնտեսական և սոցիալական ներդրումների կարևոր գործոն։ Հանքավայրի գործունեության մասին armhanq-ը զրուցել է «Չաարատ Կապան» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Թովմասյանի հետ։

Ի՞նչ է ներկայացնում իրենից ընկերությունը։

– «Չաարատը» միջազգային կազմակերպություն է, որն ունի երկու հիմնական հանքավայր՝ Կապանում և Կիրգիզիայում։Վերջինը զարգացման փուլում է․ հետազոտված է, պաշարները հաստատված են, սպասում ենք ներդրումների, որ կառուցվի ֆաբրիկան։

Արտահանում ենք երկու տեսակի խտանյութ։ Առաջինը՝ ոսկի-պղինձ, ուր գերակշռողը ոսկին է։ Երկրորդը՝ ցինկի խտանյութն է, որում նույնպես կան ոսկի և արծաթ։

Ովքե՞ր են եղել հանքի առաջին շահառուները։

-Կապան քաղաքը ստեղծվել է հենց հանքի շուրջ։ Ժամանակին այստեղ փոքրիկ ավան է եղել։ Մոտ 200 տարվա պատմություն ունի հանքավայրը։ Ֆրանսիացիներն են սկսել հանքի աշխատանքները, հետո հույները, և աստիճանաբար զարգացրել են։ Սկսել են ձուլարաններից, գնացել տեսել են՝ որտեղ կա հարուստ երակ, հանել են, ձուլել և ստացել  պղինձ։

Այնուհետև տեխնոլոգիաները զարգացել են, հարստացուցիչ ֆաբրիկա են կառուցել, խտանյութեր արտադրել, ուղարկել երկրից դուրս, և քաղաքը սկսել է ընդլայնվել դրա հիման վրա՝ աշխատուժ է պետք եկել։

Ընկերությունն ի՞նչ դերակատարում ունի Կապան համայնքի համար։

Այսօր մեր ընկերությունը համայնքի ամենամեծ գործատուն է,  մոտ 1000 աշխատակից ունենք, ինչպես նաև   շուրջ 500 կապալառու, միասին՝ մոտ 1500 աշխատակից։

Մեր ամենամեծ ներդրումային ծրագիրն «Արևելյան թևն» է, որի հետախուզման հորատման աշխատանքներն արդեն  սկսել ենք։

Լինելով հանքագործ, ես կարծում եմ՝ չպետք է միայն հանքով ապրենք, պետք է դիվերսիֆիկացիա լինի․ տուրիզմը, գյուղատնտեսությունը զարգանան։ Մենք մի շարք  բիզնես ծրագրերի ենք աջակցում, օրինակ՝ գյուղերում կարի արտադրամասեր են հիմնում, պատվերներ ենք տալիս, ապահովում ենք աշխատանքով, որ նրանց բիզնեսն աճի։

Ունեք սոցիալական ծրագրեր՝ գործակցում ենք համայնքապետարանի հետ։ Տեղեկանում ենք համայնքի խնդիրների մասին և օգտակար լինում, աջակցում լուծմանը։

Ընդհանրապես, այս քաղաքում շատ բան պատմականորեն կոմբինատն է կառուցել:

Կապանում մանկապարտեզ ենք կառուցել և կահավորել։ Գույք ենք տրամադրում նաև համայնքի մյուս մանկապարտեզներին։

Վերանորոգել ենք ինֆեկցիոն հիվանդանոցը, կանանց կոնսուլտացիայի բաժինը։ Համայնքի համար ձեռք ենք բերել աղբատար մեքենաներ․ աջակցում ենք բառացիորեն ամեն ինչով։

Իսկ բնապահպանական ի՞նչ ծրագրեր եք իրականացնում, ինչպիսի՞ն է Ձեր գործունեության այդ մասը։

-Ամենակարևորը՝ աշխատում ենք փակ համակարգով, ինչը կարևորագույն նշանակություն ունի աշխարհում։ Մեր արտանետումները ջրի առումով ցիրկուլացիա են արվում, պոչերը գնում են պոչամբար, այնտեղ նստվածք տալիս, և պարզված ջուրը մենք նորից օգտագործում ենք։ Այդ կերպ մեր արտանետումները փակ են, կարելի է ասել՝ չկան։ Դրսի արտանետումներ չունենք, ջուրը կրկին գալիս է հարստացուցիչ ֆաբրիկա։

Շատ մեծ նախագիծ ենք իրականացնում բնապահպանական կայունության առումով՝ պոչամբարների պատնեշի պատվարի ամրացում ենք կատարելու։

Հաշվի առնելով աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները՝ կապված պոչամբարների հետ, ընկերության կողմից շահագործվող  Գեղանուշի պոչամբարի լրացուցիչ անվտանգությունը ապահովելու և  հնարավոր խնդիրներից խուսափելու համար ընկերությունը պատվարի կայունությունն ապահովելու ուղղությամբ նախագիծ է մշակում:  Այդ  աշխատանքներում  ներգրավել ենք  նաև միջազգային խորհրդատվական SRK ընկերությանը։  Շուրջ հինգ  և ավելի միլիոն դոլարի գումար է ներդրվելու այդ ծրագրի համար։ Սա լրացուցիչ ծախս է, բայց  արվում է մեր հանգստության համար։ Այնուհետև կատարելու ենք հողի ռեկուլտիվացիա ու   կանաչապատենք, և այդ վայրը դառնալու է շատ կանաչ, ապահով, հարթ ու գեղեցիկ տարածք և բացարձակ պոչամբարի տպավորություն չի թողնելու։

Այլ ծրագրեր էլ ունենք՝ բանկերի ետ ենք աշխատում, որպեսզի վարկ տրամադրեն  կանաչ տեխնոլոգիաների ներդրման համար։ Նախատեսում ենք տեղադրել արևային պանելներ։

Նաև ցանկանում ենք մեր դիզելային մեքենաները փոխարինել էլեկտրականի, ինչը բնապահպանական առումով մեծ պլյուսներ կտա՝ ծուխ չի լինի։ Դրա փորձն ունենք․ դիզելով աշխատող մեքենաներից մեկը վերափոխել ենք էլեկտրականի՝ մեր ուժերով։

Լինելով փակ հանք, շատ էներգիա է ծախսվում օդափոխության համար, այնինչ էլեկտրական մեքենաների դեպքում նման խնդիրներ չեն լինի։

Ի՞նչ եք ձեռնարկում դոլարի փոխարժեքի անկման պայմաններում վնասը մեղմացնելու համար։

-Դոլար-դրամ կուրսի տատանման պատճառով շատ մեծ վնասներ ենք կրել ու շարունակում ենք կրել։  Այդ իսկ պատճառով մեր հաջորդ մեծ ծրագիրը պոչերը հետ՝ հանք տանելն է։ Երբ հանքավայրից հանում ենք հանքաքարը, այնտեղ խոռոչներ են առաջանում։ Մենք պոչերով կլցնենք այդ խոռոչները։

Աշխարհում ընդունված է այդ պրակտիկան, հատուկ խտացուցիչներ կան, որոնք խտացնում են  պոչերը,  ջրազրկում այնքան, որ պոմպերը կարողանան տանել, հետը մի քիչ ցեմենտ է խառնվում և լցվում խոռոչ։ Այնտեղ ամրանում է, քարանում։ Այդ կերպ և՛ հանքի կայունությունն է ամրապնդվում, և՛ պոչամբարի ծավալներն ենք խնայում։