Անվտանգությունը՝ առաջնային

Ընկերության առողջապահության և արտադրական անվտանգության բաժնի ինժեներների  ամենօրյա աշխատանքների պարտադիր մաս են կազմում   նաև արտադրական տարածքներ կատարվող ստուգայցերը. Այն իրականացվում է ՝ բացահայտելու հնարավոր վտանգները, գնահատելու ռիսկերը, ի հայտ եկած խախտումներն անմիջապես վերացնելու կամ  նվազագույնին հասցնելու, եթե հնարավոր չէ այն սեղմ ժամկետում վերացնել:

 

Աշխատանքների անվտանգ կատարման համար վերահսկողությունն իրականացվում է օրվա բոլոր ժամերին՝ գիշեր ու ցերեկ: Անվտանգության նկատառումներից ելնելով  արտադրական տարածքներում պարտադիր իրականացվում է աշխատակիցների բուժզննում, ինչպես նաև    տրանսպորտային միջոցների նախահերթափոխային ստուգում:

 

«Միանշանակ խորհուրդ եմ տալիս ներդրում կատարել Հայաստանում եւ վստահ լինել, որ որեւէ արհեստական խոչընդոտի չեք հանդիպի»

Դավիթ Թովմասյանի հարցազրույցը «Դե Ֆակտո» ամսագրին 

http://df.am/news/2840/davit_tovmasyan_150.html

Շահումյանի բազմամետաղային հանքավայրի (հանքավայր ՀՀ Սյունիքի մարզում` Կապանի պղնձի հանքավայրի հարավարևելյան մասում) առաջին երակը հայտնաբերվել է 20-րդ դարի առաջին կեսին և փոքր քանակությամբ շահագործվել է 2-րդ համաշխարհային պատերազմի տարիներին: Հանքավայրում 1929 թվականից, առանձին ընդմիջումներով, իրականացվել են երկրաբանահետախուզական աշխատանքներ: Հանքավայրի շարունակական հետախուզումը սկսվել է1962թ-ից և շարունակվել է մինչև 1994 թվականը: Նույն թվականին վերսկսվել է հանքավայրի շահագործումը` աշխատանքով ապահովելով տարածաշրջանի բնակիչներին: Մինչ 1988 թվականը Կապանի կոմբինատը միավորված աշխատում էր Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ` պետության ենթակայության տակ. 1988 թվականից այն բաժանվեց և կոչվեց «Կապանի լեռնահարստացման կոմբինատ», իսկ 2002 թվականից Հայաստանի Հանրապետության 2002 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 1859 Ա որոշմամբ կոմբինատը սեփականաշնորհվեց շվեյցարական «Դենո» ընկերության կողմից:2006 թվականին հանքավայրը շարունակել է շահագործվել կանադական «Դանդի Փրիշս Մեթալս» կորպորացիայի կողմից, իսկ 2016թ. այն վաճառվել է ռուսական «Պոլիմետալ Ինթերնեշնլ» ընկերությանը:2019 թվականի հունվարից ձեռնարկությունը բրիտանական «Չաարատ Գոլդ Ինթերնեշնլ Լիմիթիդ» (Chaarat Gold International Limited) ընկերության միավորն է:

 

-Պարո՛ն Թովմասյան, Դուք շուրջ յոթ ամիս է, ինչ ղեկավարում եք ընկերությունը: Հետաքրքիր է, նախկինում ինչպիսի՞ գործունեությամբ եք զբաղվել, ի ՞նչ մասնագիտություն ունեք:

-Ծնվել եմ 1973թ, Սիսիանի շրջանի Ուզ գյուղում, սովորել և ավարտել եմ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը, այնուհետև կրթությունս շարունակել եմ Երևանի տեխնիկական համալսարանում, 2004թ, ստացել եմ տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական կոչում: 1997թ, վերջից սկսել եմ աշխատել հանքարդյունաբերության ոլորտում գործունեություն ծավալող տարբեր ընկերություններում` թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս: 2019թ, հունվարի 30-ից աշխատում եմ «Չաարատ Կապան» ՓԲԸ-ում ` որպես տնօրեն, ինչի համար շատ ուրախ եմ, քանի որ հայրենիքում` այն էլ հայրենի շրջանում աշխատելն ինձ համար մեծ պատիվ է և երջանկություն:

«Չաարատ Կապան» ՓԲԸ-ի նոր սեփականատերը հայ-բրիտանական ծագման «Չաարատ Գոլդ Հոլդինգս» ընկերությունն է, մի փոքր կպատմե՞ք ընկերության մասին:

«Չաարատ Կապան» ՓԲ ընկերությունը բրիտանական «Չաարատ Գոլդ Ինթերնեշնլ Լիմիթիդ» (Chaarat Gold International Limited) ընկերության ակտիվներից մեկն է: Այն շահագործում է Սյունիքի մարզի Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրը:

2019 թվականի հունվարից ձեռնարկությունը հանդիսանում է բրիտանական «Չաարատ Գոլդ Ինթերնեշնլ Լիմիթիդ» (Chaarat Gold International Limited) ընկերության միավոր: Վերջինս արագ զարգացող հանքարդյունաբերող կազմակերպություն է, որը հավակնում է դառնալ ոսկու արտադրության խոշոր ընկերություններից մեկն աշխարհում: Ընկերության կենտրոնական գրասենյակը գտնվում է Լոնդոնում: Հայաստանից բացի, ակտիվներ ունի նաև Ղրղըզստանում, այնտեղի հանքերը այժմ հետախուզման փուլում են, այնտեղ ևս ֆաբրիկա է գործելու, որի սարքավորումներն արդեն պատվիրված են: Կարծում եմ` 2021թ, արդեն արտադրանք կթողարկվի:

Ընկերության գործունեության մեջ առաջնայինն ու կարևորը անվտանգ աշխատանքն է, աշխատակիցների բարեկեցությունը և շրջակա միջավայրի պահպանությունը:

-Ի՞նչ եղանակով է շահագործվում հանքավայրը և ի՞նչ խտանյութեր, մետաղներ են արտադրվում «Չաարատ Կապան» ՓԲԸ կողմից:

-Հանքավայրը շահագործվում է ստորգետնյա եղանակով, արտադրվում են պղնձի և ցինկի խտանյութեր, որոնք պարունակում են ոսկի և արծաթ: Մեր կողմից վաճառվող մետաղները չորսն են` ոսկին, արծաթը, պղինձը և ցինկը:

-Ո՞ր երկրներ է արտահանվում կոմբինատի արտադրանքը:

-Այս տարի կնքված պայմանագրերի համաձայն` պղնձի խտանյութը արտահանվելու է Կանադա, իսկ ցինկի խտանյութը` Բելգիա

-Ի՞նչ հզորություններով է աշխատում կոմբինատը:

-Վերջին տարիներին հանքում իրականացվել են տեխնիկական վերազինման մեծածավալ աշխատանքներ «Պոլիմետալ Ինթերնեշնլ» ընկերության կողմից: Բավականին մեծ քանակությամբ տեխնիկա է ներդրվել արտադրության մեջ` նախատեսված ստորգետնյա հանքի համար: Վերազինման որոշակի աշխատանքներ են կատարվել նաև ֆաբրիկայում:

Մենք շարունակում ենք այդ գործընթացը և ծրագրում հաջորդաբար արդիականացնել թե՛ ստորգետնյա, թե՛ վերգետնյա բոլոր սարքավորումները: Մենք ունենք նոր սերնդի սարքավորումներ, որոնք ներկայումս շատ քիչ տարածում ունեն` արդի տեխնոլոգիական ժամանակաշրջանի վերջին ճիչն են: Ունենք նաև սարքավորումներ, որոնք կոմբինատի գործունեության 50 տարիների ընթացքում շահագործվել են շուրջ 20-30 տարի, բայց անխափան աշխատում են նաև այսօր, մենք դրանք ևս շահագործում ենք: Մեզ մոտ կարծես հին և նոր տեխնիկաների սիմբիոզ լինի, չենք հրաժարվում նորմալ աշխատող հին տեխնիկայից, բայց զուգահեռ ձեռք ենք բերում նաև նորագույն տեխնիկա:

 

 

-Ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել ընկերությունում այս յոթ ամիսների ընթացքում, ի՞նչ ձեռքբերումներ կարող եք արձանագրել:

 

-Դեռ մեկ տարի չկա, ինչ աշխատում ենք, սակայն որոշակի հարցեր և խնդիրներ մեզ հաջողվել է կարգավորել և լուծել: Նախ և առաջ, բարելավել ենք կազմակերպության կառուցվածքը, կատարել ենք վերադասավորումներ` համապատասխանեցնելով այն միջազգային ստանդարտներին: Ինչպես նաև բարձրացրել ենք արտադրության որակը, ավելացրել քանակը, բարելավման աշխատանքներ ենք կատարել նաև հանքում, ինչի արդյունքում բարձրացել են ֆաբրիկայի աշխատանքային արդյունավետության ցուցանիշները:

Սակայն ցանկանում եմ ևս մեկ անգամ շեշտել, որ մեր հիմնական կապիտալը մարդիկ են` մեր աշխատակիցները, ում հետ մենք անընդհատ խոսում ենք, քննարկում տարբեր հարցեր: Ուշագրավ է այն, որ երբ մենք նոր սկսեցինք մեր աշխատանքը, նրանք բազում մտավախություններ ունեին, քանի որ չէին ճանաչում մեզ, բայց այսօր դրանք լիովին փարատվել են, նրանք վստահ են, որ ամեն ինչ շատ ավելի լավ է լինելու, քան նախկինում էր:

«2019 թվականի հունվարից ձեռնարկությունը հանդիսանում է բրիտանական «Չաարատ Գոլդ Ինթերնեշնլ Լիմիթիդ»

(Chaarat Gold International Limited) ընկերության միավոր:

Վերջինս արագ զարգացող հանքարդյունաբերող կազմակերպություն է, որը հավակնում էդառնալ ոսկու արտադրության խոշոր ընկերություններից մեկն աշխարհում»:

-Որքա՞ն է Ձեր աշխատակիցների թիվը, ինչպիսի՞ քաղաքականություն եք որդեգրել վերջիններիս աշխատանքի և անվտանգության հետ կապված, աշխատանքային ինչպիսի ՞ գրաֆիկ է սահմանված:

-Մեր կոմբինատում տվյալ պահին աշխատում է 1070 մարդ, բայց նրանց թիվը տատանվում է` կախված աշխատանքի ծավալից: Մեզ մոտ աշխատում է նաև 250-300 կապալառու:

Մեր քաղաքականությունը հետևյալն է` մեզ համար աշխատանքային առաջնահերթություն է աշխատանքով ապահովել տեղացի մասնագետներին, որոնք բանիմաց են, խելացի և փորձառու, իսկ եթե կարիք լինի նրանց մասնագիտական հմտությունները կատարելագործելու, ապա գերադասում ենք դրսից հրավիրել մասնագետների և վերապատրաստել նրանց:

Պետք է շեշտեմ, որ աշխատողների անվտանգությունը մեր թիվ մեկ առաջնահերթություններից է, ինչի ապահովման համար մենք ոչ մի միջոց, ջանք ու եռանդ չենք խնայում: Մենք պատրաստակամ ենք նրանց համար անել ամեն բան, որպեսզի իրենք ինչպես առողջ եկել են աշխատանքի, այդպես էլ վերադառնան տուն: Մենք շատ լուրջ ենք վերաբերվում այդ հարցին:

Մեր կոմբինատը աշխատում է 24-ժամյա ռեժիմով` ըստ հերթափոխի, ունենք տարբեր` ութժամյա և տասներկուժամյա հերթափոխեր:

-Ի՞նչ քայլեր եք ձեռնարկում բնապահպանությանն ուղղված, և հետաքրքիր է, որտե՞ղ է թափվում հանքի պոչամբարի ջուրը:

-Ինչպես մեր աշխատակիցների առողջությունը, այնպես էլ բնության պահպանությունը մեզ համար առաջնային կարևորություն ունի: Բնական է, հանքարդյունաբերությունը չի կարող հետևանքներ չունենալ, սակայն մենք բոլոր անհրաժեշտ քայլերը ձեռնարկում ենք նվազագույնի հասցնելու այդ ռիսկերը և վնաս չհասցնել բնությանը: Մենք ներդրումներ ենք կատարում այդ ուղղությամբ, արդիականացնում աշխատանքային գործընթացը, խողովակներ փոխում և այլն: Մենք նաև պատրաստակամ ենք պատասխանելու մեզ ուղղված հարցերին և ցույց տալու մեր չափումները:

Ինչ վերաբերում է պոչամբարի ջրին, ապա պետք է նշեմ, որ մեզ մոտ աշխատանքներն ընթանում են փակ ցիկլով, և ջուրը ոչ մի տեղ չի թափվում, այն 100 տոկոսով հետ է բերվում մեր հարստացուցիչ ֆաբրիկա և նորից օգտագործվում:

-Ձեր հաշվարկներով` տարեկան որքա՞ն արտադրանք կունենա կոմբինատը, և ուսումնասիրե՞լ եք արդյոք, թե քանի տարվա շահագործման պաշար կա հանքավայրում:

-Մենք փորձելու ենք ամեն ջանք գործադրել, որպեսզի արտադրության ծավալները հասցնենք տարեկան մինչև 650-700 հազար տոննա հանքաքարի մշակման: Արդեն իսկ պաշարների վերաբերյալ հաստատված տվյալներ ունենք, ըստ որոնց` հանքավայրում առկա պաշարները կբավականացնեն մինչև 2025թ, շահագործելու համար: Սակայն մենք նպատակ ունենք ևս հինգ տարով երկարացնել այդ ժամկետը, ինչին ուղղված` իրականացնում ենք հետախուզական աշխատանքներ: Վստահ ենք, որ դրանք արդյունավետ կլինեն, և հանքը ոչ թե հինգ, այլ տաս տարվա կյանք կունենա:

«Աշխատողների անվտանգությունը մեր թիվ մեկ առաջնահերթություններից է, ինչի ապահովման համար մենք ոչ մի միջոց, ջանք ու եռանդ չենք խնայում»:

-Համագործակցության ինչպիսի՞ շրջանակներ ունեք:

-Մենք սերտորեն համագործակցում ենք մեր օտարերկրյա գործընկերների հետ, որոնք մեր խտանյութերի հիմնական գնորդներն են: Վերջիններս հանքարդյունաբերության ոլորտում համաշխարհային գիգանտներ են համարվում, դրանցից են` «Կլենկոր»-ը, «Տրաֆիգուրա»-ն: Համագործակցում ենք նաև այլ միջազգային կազմակերպությունների հետ, ինչպիսին է, օրինակ, «SRK»-ը, որը կրկին շատ հայտնի է այս ոլորտում և այժմ իրականացնում է մեր պոչամբարի ամրացման աշխատանքները:

Ինչպես նշեցի, մենք անընդհատ թարմացնում ենք մեր սարքավորումները, որոնք ևս ձեռք ենք բերում գործընկեր միջազգային կազմակերպություններից և անհրաժեշտության դեպքում նրանց մասնագետներին հրավիրում ենք մեզ մոտ խորհրդատվությունների:

-Ինչպիսի՞ն է «Չաարատ-Կապան» ՓԲԸ համագործակցությունը ՀՀ շրջակա միջավայրի և էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունների հետ:

-Պետք է նշեմ, որ երկու նախարարությունների հետ էլ սերտորեն աշխատում ենք, մշտապես նամակագրական կապի մեջ ենք նրանց հետ, անհրաժեշտության դեպքում նաև ունենում ենք հանդիպումներ և քննարկումներ: Այժմ մեզ մոտ ստուգումներ են ընթանում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից, որոնց վերջին փուլն են հասել:

-2019թ, առաջին կիսամյակի տվյալներով` Հայաստանի խոշոր հարկատուների ցանկում «Չաարատ Կապան» ընկերությունը հանքարդյունաբերության ոլորտի խոշոր հարկատուներից մեկն է: Որպես խոշոր ներդրող` ինչպե ՞ս կգնահատեք Հայաստանում ստեղված ներդրումային հնարավորությունները, արդյո՞ք արհետական խոչընդոտներ կամ դժվարություններ կան:

-Պետք է անկեղծորեն ասեմ, որ մինչև այսօր նման խնդիրներ չենք ունեցել, եղել են հարցեր, որոնք ճշտման կարիք են ունեցել և այդ ձևով կարգավորվել են, սակայն որևէ խնդիր չենք ունեցել հարկային և այլ կառույցների հետ: Կարող եմ ասել, որ ստեղծված է առողջ աշխատանքային մթնոլորտ, և բոլոր խնդիրները ստանում են համարժեք լուծումներ:

Եթե մեր փորձը կարող է չափանիշ լինել այլ ներդրողների համար, ապա միանշանակ խորհուրդ եմ տալիս ներդրում կատարել Հայաստանում և վստահ լինել, որ որևէ արհեստական խոչընդոտ այստեղ չի ստեղծվում ներդրողների համար:

Մենք սերտորեն համագործակցում ենք մեր օտարերկրյա գործընկերների հետ, որոնք հանքարդյունաբերության ոլորտում համաշխարհային գիգանտներ են համարվում:

-Դուք նաև իրականացնում ենք խոշոր սոցիալական ծրագրեր, կուզենայի նաև խոսեինք դրանց մասին:

-Պետք է նշեմ, որ մենք ունենք սոցիալական ծրագրերի ֆոնդ, որի միջոցներով նախատեսում ենք իրականացնել ապագայի ծրագրեր: Այսինքն` մենք նպատակ ունենք իրականացնել խոշոր ծրագրեր, լուծել կապանում և հարևան համայնքներում առկա մեծ, առաջնային խնդիրներ, որոնք մնայուն արժեք կդառնան ողջ բնակչության համար: Այդ նպատակով մենք խորհրդակցել ենք մարզպետարանի համապատասխան մասնագետների, համայնքապետերի հետ, ձեռք բերել պայմանավորվածություններ աշխատանքները իրականացնելու վերաբերյալ:

Այս տարի մեր ամենախոշոր ներդրումն ուղղված կլինի Կապան համայնքի մանկապարտեզի վերանորոգման աշխատանքների իրականացմանը, որը կկազմի շուրջ 100 մլն. դրամ: Աշխատանքների մեծ մասը կիրականացվի այս տարի, մյուս մասը` հաջորդ տարի: Ծրագրի նպատակն է լուծել երեխաներին մանկապարտեզով ապահովելու խնդիրը և տալ հնարավորություն ծնողներին աշխատելու և իրենց երեխաների ապագան հայրենիքում կերտելու: Հուսով ենք նաև, որ ծրագիրը կխթանի ծնելիության աճը, երիտասարդ ընտանիքները վստահ կլինեն, որ իրենց երեխաները կհաճախեն մանկապարտեզ, իսկ իրենք չեն կորցնի աշխատանքը:

Մեր հաջորդ ծրագիրն ուղղված է «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի պոլիկլինիկայի «Կանանց կոնսուլտացիա» բաժանմունքի վերանորոգմանը, քանի որ այն անմխիթար վիճակում է: Սա ևս ապագայի ծրագիր ենք համարում:

Մյուս ծրագիրն իրականացվում է Գեղանուշ բնակավայրում, այնտեղ ամառային դասարան ենք կառուցում, որը շատ շուտով պատրաստ կլինի: Ինչպես նաև դպրոցի մի հատվածը, որը չի շահագործվում, վերանորոգելու ենք, որտեղ մանկապարտեզ կբացվի:

Մեզ նաև դիմում են ամենատարբեր խնդիրներով, դրանք ևս փորձում ենք անարձագանք չթողնել և աջակցություն ցուցաբերել: Օրինակ` Օխտարի միջնակարգ դպրոցին վառելափայտ էր անհրաժեշտ, տրամադրել ենք: Նման բազմաթիվ դիմումներ ենք ստանում և փորձում օգնել:

Մենք նաև համագործակցում ենք ՀՀ պաշտպանության նախարարության հետ, բանակը մեր մշտական ուշադրության կենտրոնում է: Կարծում եմ` բանակին օժանդակելը յուրաքանչյուր հայի պարտքն է: Եթե մենք չօգնենք մեր բանակին, ապա մեխանիկորեն կաջակցենք թշնամու բանակին: Մենք միշտ մեր բանակի կողքին ենք:

-Ձեր աշխատակիցները և նրանց երեխաները ևս ընկերության ուշադրության կենտրոնում են, ի՞նչ ծրագրեր եք իրականացնում` նրանց ուղղված:

-Մեր աշխատակիցները և նրանց ընտանիքները, հատկապես` երեխաները, մեր մշտական ուշադրության կենտրոնում են: Մենք աշխատում ենք որպես մեծ ընտանիք և կիսում միմյանց խնդիրներն ու ուրախությունները:

Մենք պարտադիր նշում ենք բոլոր տոները, այդ օրերին միջոցառումներ կազմակերպում, խրախուսական նվերներ, գումարային պարգևներ տալիս: Առանձնահատուկ նշում ենք Հանքագործի և մետալուրգի օրը: Վերջերս նկարների մրցույթ հայտարարեցինք, որոնց բովանդակությունը աշխատանքային անվտանգությանն էր վերաբերում: Մեր աշխատակիցների երեխաները նկարել էին իրենց ծնողներին` պատկերելով, թե ինչպես նրանք պետք է անվտանգ աշխատեն և առողջ վերադառնան տուն: Շատ հետաքրքիր նկարներ կային, որոնց հեղինակներն արժանացան գումարային պարգևների: Պետք էր տեսնել երեխաների ուրախությունը, ինչն ինձ համար ամենաարժեքավորն է:

Մենք ունենք սոցիալական ծրագրերի ֆոնդ, որի միջոցներով նախատեսում ենք իրականացնել ապագայի ծրագրեր. որոնք կլուծեն Կապանում եւ հարեւան համայնքներում առկա մեծ,առաջնային խնդիրներ` դառնալով մնայուն արժեք ողջ բնակչության համար:

-Դուք մեծ սիրով և ոգևորվածությամբ եք աշխատում, հետաքրքիր է, որտեղի ՞ց է առաջացել այն:

-Ճիշտ եք նկատել, ես սիրում եմ իմ մասնագիտությունը և մեծ հաճույքով եմ աշխատում: Գուցե պատճառներից մեկն այն է, որ մայրս և հայրս նույնպես հանքագործներ են եղել, մայրս լաբորատորիայի 10-յակ տարիների վարիչ է եղել, իսկ հայրս` ֆաբրիկայի երկար տարիների ղեկավար: Ես երկրորդ սերունդն եմ, երեխաներս գուցե երրորդը լինեն:

«Ես սիրում եմ իմ մասնագիտությունը եւ մեծ հաճույքով եմ աշխատում:

Գուցե պատճառներից մեկն այն է, որ մայրս եւ հայրս նույնպես հանքագործներ են եղել»:

-Քանի՞ երեխա ունեք և արդյոք կցանկանա՞ք, որ Ձեր երեխաները ընտրեն Ձեր մասնագիտությունը:

-Ունեմ երկու երեխա` մեկ աղջիկ և մեկ տղա, և շատ կցանկանամ, որ նրանք շարունակեն իմ գործը: Սակայն ես նրանց չեմ պարտադրում իմ կամքը, նրանք ազատ են իրենց ընտրության մեջ: Բայց նկատել եմ, որ սիրում են այս գործը, ամռանը, երբ այստեղ էին, աշխատում էին կոմբինատում:

Իմ աշխատանքի միակ բացասական կողմը, որը կարող է նրանց դուր չգալ, հեռավորությունն է` ես այստեղ եմ, իրենք` ԱՄՆ-ում: Ճիշտ է, տարվա ընթացքում ես եմ գնում, իրենք են գալիս, սակայն հեռավորությունն ամեն դեպքում կա:

«Հայրենիքն ինձ համար գերագույն արժեք է, որն անընդհատ ինձ կանչել է տարբեր հեռուներից:

Դրա վառ ապացույցն այն է, որ ես այսօր այստեղ եմ»:

-Ինչպիսի ՞ արժեք է Ձեզ համար հայրենիքը:

-Հայրենիքն ինձ համար գերագույն արժեք է, որն անընդհատ ինձ կանչել է տարբեր հեռուներից: Դրա վառ ապացույցն այն է, որ ես այսօր այստեղ եմ: ԱՄՆ-ում շատ լավ աշխատանք ունեի մի հեղինակավոր ընկերությունում, կար առաջընթացի հնարավորություն, առաջարկներ, սակայն հայրենիքի կանչն ավելի զորեղ գտնվեց: Որքան էլ օտար ափերում լավ ապրես, միևնույնն է, ինչ-որ բան պակասում է կյանքումդ, որը ոչ մի բանով չի լրացվում, և դա հայրենի հողն ու ջուրն է:

 

 

 

 

Բաց դաս՝ Գեղանուշի դպրոցում

Այսօր Գեղանուշի միջնակարգ դպրոցում  անցկացվեց բաց դաս՝ բնապահպանության թեմայով, որը նպատակ ուներ աշակերտների մեջ ամրապնդել էկոլոգիական գիտելիքներ, նրանց մոտ զարգացնել  սեր և հոգատարություն դեպի բնությունը:  Բնության պահպանության մեթոդներն աշակերտները ցուցադրեցին գործնականում՝ քիմիական փորձերի և թատերական ներկայացումների  միջոցով: Բաց դասն անցկացվեց կոմբինատի աջակցությամբ կառուցված նոր բացօթյա դասասենյակում, որի գործարկումը ազդարարող  ժապավենը կտրվեց այսօր:

Միջոցառմանը ներկա էին նաև ձեռնարկության ղեկավարությունը, ովքեր բաց դասի ավարտից հետո դպրոցի աշակերտական խորհրդի կողմից ստեղծված «Կանաչ գրքում»  գրառեցին մթնոլորտի պահպանության վերաբերյալ իրենց առաջարկությունները: Դպրոցում նաև  պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ կոմբինատն աջակցելու է մեկ այլ  նոր նախաձեռնության  իրականացմանը. նախատեսվում  է ստեղծել ջերմոցային տնտեսություն:

Դպրոցի տնօրեն Գայանե Գրիգորյանը ուսուցչական անձնակազմի ու աշակերտների անունից շնորհակալություն հայտնեց կոմբինատի ղեկավարությանը կրթօջախում  իրականացվող ծրագրերին աջակցելու, ինչպես նաև ամեն տարի աշակերտների դասագրքերի վարձավճարների փոխհատուցումը,  վերջիններիս ուղևորափոխադրումները կազմակերպելու և այլ սոցիալական ծրագրեր իրականացնելու համար:

Գեղանուշում  ընկերության  գլխավոր տնօրեն Դավիթ Թովմասյանը  և  «Չաարատ Գոլդ Ինթերնեշնլ Լիմիթիդ» ընկերության արտադրության գծով տնօրեն Դարին Կուպերը ծանոթացան կոմբինատի կողմից իրականացվող մեկ այլ նախաձեռնության՝ Գեղանուշի նախակրթարանի հիմնանորոգման աշխատանքներին:

 

Տարեցները՝ ուշադրության կենտրոնում

Այսօր՝ տարեցների միջազգային օրվա կապակցությամբ, այցելեցինք Կապանում ապրող միայնակ, անժառանգ 20 տարեցի՝ նրանց հետ կիսելու տոնական տրամադրությունը, ծանոթանալու վերջիններիս խնդիրներին և նրանց մեջ արթնացնելու այն հույսը, որ միայնակ չեն:

Տոնի կապակցությամբ ընկերության ղեկավարությունը տարեցների համար պատրաստել էր նաև նվերներ ՝ սնունդ, առաջին անհրաժեշտության պարագաներ:

Տարեցները իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին՝ ուշադրության, հոգատարության, հոգևոր ու նյութական աջակցության համար:

Շնորհավորում ենք բոլոր տարեցներին իրենց օրվա կապակցությամբ, թող յուրաքանչյուրդ ունենաք բախտավորություն՝ երջանիկ ու առողջ վայելելու ծերությունը:

Երկարամյա հանքագործը

Հանքի հորատապայթեցման տեղամասի ստորգետնյա հորատող կայանքի մեքենավար Արարատ Մովսիսյանը 3 տասնամյակից ավելի աշխատում Է Կապանի կոմբինատում։ Բանակից վերադառնալուց անմիջապես հետո աշխատանքի է անցնում, որպես խոր փորման հաստոցավար։ Հանքագործի ընտանիքում մեծացած տղային խորթ չէր արդյունաբերության աշխատանքը, ասում է հանք մտնելիս պատկերացում ուներ արդեն ինչ գործ է և հեշտությամբ է հարմարվել իրեն վստահված աշխատանքին։

«37 տարի է ինչ այս աշխատանքով եմ զբաղվում, ամեն օր հաճույքով ու հպարտությամբ եմ հագնում հանքագործի համազգեստը և չեմ հոգնում, երևի, այն պատճառով, որ աշխատանքս շատ եմ սիրում»։

Ասում է՝ աշխատանքը սիրով է տրվում , եթե ունես լավ անձնակազմ, վստահելի գործընկերներ և երախտապարտ է, որ այդ հնարավորությունը տրված է իրեն ։

«Մի ղեկավար ունեինք միշտ ասում էր, որ հանքի բանվորը քարի ու երկաթի հետ է գործ անում, բայց հոգին փափուկ է․ ինքը, իրոք, իրավացի էր։ Կոմբինատը իմ երկրորդ ընտանիքն է դարձել, ունեմ արդեն հարազատ դարձած գործընկերներ, ովքեր ամեն պահ պատրաստ են քեզ աջակցելու»,- նշում է հանքագործը։

Արարատ Մովսիսյանն աշխատանքում սիրել է պարտաճանաչությունն ու կարգապահությունը, աշխատել այդ սկզբունքներն աչքի առաջ ունենալով։ Վստահեցնում է՝ երկար տարիների աշխատանքը նույն ձեռնարկությունում ամենամեծ գնահատականն է հանքագործի համար։

Աշխատակիցների առողջությանն ու անվտանգությանն ուղղված ծրագրերը՝ առաջնային

Ընկերության բժշկական կենտրոնի բուժանձնակազմի ամենօրյա ուշադրության կենտրոնում է յուրաքանչյուր աշխատակից: Ժամանակակից սարքավորումներով ու առաջին օգնության համար նախատեսված անհրաժեշտ դեղորայքով հագեցած բժշկական կենտրոնը մեր աշխատակիցներին ապահովում է շուրջօրյա բժշկական ծառայություն, պարտադիր իրականացնում` նախահերթափոխային ստուգումներ: Ամեն հերթափոխից առաջ, նախքան աշխատանքի անցնելը, հանք մտնող յուրաքանչյուր աշխատակից անցնում է պարտադիր բուժզննություն և միայն առողջական վիճակը գնահատելուց հետո է աշխատակիցն անցնում աշխատանքի:Մեր աշխատակիցների ամենամյա բժշկական զննումը ևս իրականացվում է ընկերության բժշկական կենտրոնում:

Կենտրոնում իրենց բարձրորակ բժշկական ծառայություններն են մատուցում միջազգային չափորոշիչներին համապատասխան «Մեփլ Լիֆս» հայ-կանադական բժշկական կլինիկայի բժիշկներն ու բուժքույրերը:

Աշխատակիցների առողջությանն ու անվտանգությանն ուղղված ծրագրերը, լինելով առաջնահերթություն, մշտապես գտնվում են ընկերության ղեկավարության ուշադրության կենտրոնում:

Ճանապարհեցինք վաստակած հանգստի

Ընկերության երկարամյա աշխատակից, պայթուցիկ նյութերի ստորգետնյա պահեստների վարիչ Հրաչիկ Պապյանին ճանապարհեցինք վաստակած հանգստի: Նա 40 տարիների աշխատանքային օրինակելի կենսագիր է ստեղծել և այդ երկար ու ձիգ տարիները միայն Կապանի կոմբինատում. Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի լեռնային ֆակուլտետն ավարտելուց անմիջապես հետո աշխատանքի է անցում որպես ամրակապող:

«Նոր կյանք մտնող երիտասարդ էի, երբ աշխատանքի անցա այստեղ, այս տարիներն ինձ շատ բան տվեցին թե մասնագիտական վերելքների և թե աշխատանքային հագեցած տարիներ անցկացնելու առումով»,- նշում է Հրաչիկ Պապյանը:

Աշխատանքային գործունեության տարիներին մի շարք աշխատանքներ է վստահվել Հրաչիկ Պապյանին, ասում է անմիջապես հանքում աշխատելն հետագայում նրան շատ է օգնել ադմինիստրատիվ աշխատանքների մեջ. «Աշխատել եմ հաճույքով, նվիրված, ինչքան ուժերս ու գիտելիքներս բավարարել են, փորձել եմ օգտակար լինել մեր ձեռնարկությանը և այսօր հպարտ եմ, որ աշխատանքային ուղիս սկսել ու ավարտել եմ այս ընկերությունում»,-վստահեցնում է լեռնագործը:

Ասում է 40 տարվա չընդհատվող աշխատանքը մի թերություն ունեցավ, ընտանիքին քիչ ժամանակ հատկացրեց և այսօր արդեն վաստակած հանգստի անցնելուց հետո թոռների հետ շատ ժամանակ կանցկացնի:

Մեր գործընկերոջը բարի ճանապարհ, առողջ, խաղաղ ու անհոգ տարիներ ենք մաղթում։

Վերանորոգվում է պոլիկլինիկայի կանանց կոնսուլտացիայի բաժանմունքը

Ընկերության կողմից իրականացվող սոցիալական քաղաքականության ծրագրերում երեխաների ապագայի, նրանց համար առողջ ու բարեկեցիկ միջավայր ստեղծելուն ուղղված նախագծերն առաջնայիններից են և, հավատարիմ մնալով մեր որդեգրած քաղաքականությանը, ուրախ ենք տեղեկացնել, որ ապագային միտված հերթական ծրագիրն է իրականացվում։ Հիմնովին վերանորոգվում է «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի պոլիկլինիկայի կանանց կոնսուլտացիայի բաժանմունքը։
Բժշկական կենտրոնի տնօրեն Կարեն Մելքոնյանի խոսքով բաժանմունքի վերանորոգումը գերխնդիր էր, նախ նրա համար, որ այնտեղ կանայք են սպասարկվում, իսկ մայրերի համար անհրաժեշտ է լավագույն պայմաններն ապահովել։
Վերանորոգման աշխատանքներն իրականացնում է կոմբինատի շինվերանորոգման տեղամասը։ Բաժանմունքի ամբողջական վերանորոգումից բացի կտեղադրվեն նաև նոր դռներ և պատուհաններ։
Նախատեսվում է այն շահագործման հանձնել նոյեմբեր ամսին։

Սեպտեմբերի 4-ը փրկարարի օրն է

Այսօր հանրապետությունում նշում են փրկարարի մասնագիտական տոնը։ Մեր ընկերության գործունեության մեջ կարևորագույն օղակներից է նաև փրկարարական ծառայությունը։ Ընկերության լեռնափրկարարների թիմի ամենօրյա չընդհատվող ծառայությունը մեր աշխատակիցների անվտանգ աշխատանքի ապահովման երաշխիքն է։
Շնորհավորում ենք մեր գործընկերներին և բոլոր փրկարարաներին մասնագիտական տոնի կապակցությամբ, ցանկանում՝ առողջություն, անվտանգ աշխատանք և մասնագիտական հաջողություններ։
Սիրելի փրկարարնե’ր, թող ձեր մասնագիտական ունակություններն ու պատրաստվածությունն օգտագործվի միայն ուսումնական վարժանքների ժամանակ։

 

 

 

Չաարատ Կապանը մասնակցել է հրդեհների մարման աշխատանքներին

Անցնող շաբաթ Կապանի տարածաշրջանի Չափնի, Սևաքար, ՈՒժանիս, Հանդ, Ծավ գյուղերի տարածքներում բռնկված հրդեհների մարման և    կրակի տարածումը կանխելու համար ԱԻՆ փրկարարական ծառայությանը հրդեհաշիջման աշխատանքներում օգնություն է ցուցաբերել նաև Չաարատ Կապանը։

 

Ընկերությունը տրամադրել  է անհրաժեշտ տեխնիկական միջոցներ, սնունդ, ինչպես նաև  հրդեհաշիջման աշխատանքներին ակտիվ մասնակցել են  կոմբինատի լեռնափրկարարները։