Կոմբինատի ֆինանսավորմամբ իրականացվող Կապանի թիվ 2 երաժշտական և գեղարվեստի մանկական դպրոցների շենքի հիմնանորոգման աշխատանքները ընթացքի մեջ են։ Շենքի շինարարությունը սկսվել է դեռևս մայիս ամսից, և նախատեսվում է այն շահագործման հանձնել մինչև այս տարվա վերջ։ Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Էներգո Սվյազ Պրոմ Ստրոյ» ՍՊ ընկերությունը։
Աշխատանքների մեջ ներառվել են՝ տանիքի ծածկի կառուցում, երեք հարկերի դռներն ու պատուհանները նորով փոխարինել, շենքի արտաքին և ներքին հիմնարար նորոգում, ջեռուցման համակարգի տեղադրում, ինչպես նաև անհրաժեշտ գույքի տրամադրում։
Կապիտալ հիմնանորոգումից հետո շենքում ստեղծվելու են լավագույն պայմանները՝ երեխաների ժամանցն ու կրթական գործընթացը պատշաճ կազմակերպելու համար։
Նվերներ՝ առաջին դասարանցիներին
Մեր ընկերությունում արդեն ավանդույթ է դարձել սեպտեմբերի 1-ին ընդառաջ ընկերության բոլոր աշխատակիցների առաջին դասարան հաճախող երեխաներին նվերներ տրամադրել։ Այս տարի ևս պատրաստել ենք նվեր քարտեր, որոնց միջոցով հնարավորություն կընձեռվի երեխայի համար գնել անհրաժեշտ գրենական պարագաներ՝ համապատասխան խանութներից։ Այս ուսումնական տարում մեր ընկերության աշխատակիցներից 64 երեխա հաճախելու է առաջին դասարան։
Շնորհավորում ենք բոլոր աշակերտներին ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ և հաջողություններ մաղթում ուսումնառության ողջ տարիների ընթացքում։
Նոր ուսումնական տարին` նոր դասասենյակով
Նոր ուսումնական տարին Գեղանուշի միջնակարգ դպրոցի աշակերտները կդիմավորեն նոր դասասենյակով։ Կոմբինատի ֆինանսավորմամբ մեկ ամիս առաջ դպրոցի տարածքում բացօթյա դասասենյակի կառուցման շինարարական աշխատանքներն ավարտին են մոտենում։ Շինարարական աշխատանքները հանձն առած «ԷԴ-ՍՅՈՒՆ» ՍՊ ընկերության տնօրենը նշում է, որ աշխատում են նաև երեկոյան ժամերին, որպեսզի մինչև ուսումնական տարվա սկիզբ այն պատրաստ լինի։ Ընթացքում ի հայտ են եկել նաև չնախատեսված աշխատանքներ, որոնք հաջողությամբ ավարտել են։
Դասասենյակը վերջնական տեսքի բերելու, տարածքը բարեկարգելու համար աշխատանքներին մասնակցում են նաև աշակերտները, համայնքի բնակիչները։ Նախատեսվում է հետագայում դասասենյակի հարակից տարածքում նաև հանգստի գոտի ստեղծել։
Դավիթ Թովմասյանի շնորհավորանքը՝ Կապանի օրվա առթիվ
Սիրելի՛ կապանցիներ,
«Չաարատ Կապան» ՓԲ ընկերության աշխատակիցների և անձամբ իմ անունից շնորհավորում եմ բոլորիս մեր սիրելի Կապան քաղաքի տոնի կապակցությամբ:
Կապանը հերոսական պատմություն ունի, որի յուրաքանչյուր շենք ու շինություն արարվել է աշխատավոր կապանցու բազկի շնորհիվ։ Այսօր մենք հպարտությամբ կարող ենք փաստել, որ մեր սիրելի քաղաքն աշխարհին ներկայանում է որպես զարգացող, ժամանակին համահունչ ու ներկայանալի քաղաք:
Համոզված եմ, որ մեր բոլորիս ջանքերի շնորհիվ Կապանի ապագան էլ ավելի խոստումնալից է լինելու ։
Բոլոր կապանցիներին ցանկանում եմ խաղաղություն, առողջություն, բարեկեցիկ ու արժանապատիվ կյանքով ապրելու հնարավորություն մեր հայրենի քաղաքում։
Շնորհավոր տո՛ նդ մարզկենտրոն Կապան։
Հարգանքով` Դավիթ Թովմասյան
Եկեք պատմական հուշարձանները գալիք սերունդներին մաքուր թողնենք
Ձեռնարկության բնապահպանության բաժինը, շարունակելով իրականացնել Շրջակա միջավայրի պաշտպանության միջազգային օրվա շրջանակներում նախատեսված միջոցառումները, հուլիսի 27-ին կազմակերպեց բնապահպանական–պատմական արշավ դեպի Երիցավանք՝ ընկերության աշխատակիցների և Կապան համայնքի ղեկավարին կից երիտասարդական խորհրդի մասնակցությամբ։
Արշավի մասնակիցները մաքրեցին վանքի տարածքում կուտակված աղբը, ինչպես նաև ծանոթացան Երիցավանքի՝ 5-րդ դարում կառուցված ճարտարապետական հուշարձանի ու վանական համալիրի պատմությանը։
Վանքի տարածքում տեղադրեցին նաև նախազգուշական ցուցանակներ՝ տարածքը մաքուր պահելու համար։
Հանքագործի և մետալուրգի օրը՝ Չաարատ Կապանում
Հանքագործի և մետալուրգի օրը տոնական տրամադրությամբ ու հանդիսությամբ տոնեցինք Չաարատ Կապանում։ Օրվա առթիվ ձեռնարկության աշխատակիցներին շնորհավորեցին ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Թովմասյանը և «Չաարատ Գոլդ Հոլդինգսի» արտադրության գծով տնօրեն Դարին Կուպերը։
Ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Թովմասյանը ընդգծեց, որ օրը ևս մեկ առիթ է արժևորելու և մեծարելու արդյունաբերությունում իրենց ներդրումն ունեցած աշխատակիցներին։ Նա մասնագիտական բարձր վարպետության, բարեխիղճ աշխատանքի, արտադրության արդյունավետության բարձրացման գործում ներդրում ունենալու համար ընկերության 15 աշխատակցի հանձնեց շնորհակալագրեր եւ դրամական պարգևներ։ Ընկերության 3 աշխատակից լեռնահանքային արդյունաբերության և մետալուրգիայի ոլորտում ունեցած զգալի ավանդի համար շնորհակալագրերի արժանացան Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից, իսկ Չաարատ Կապանի արհեստակցական միությունը նրանց խրախուսեց դրամական պարգևներով։ Օրվա առթիվ անակնակալ էր պատրաստել նաև Հայաստանի Հանրապետության լեռնագործների, մետալուրգների և ոսկերիչների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությունը։ Ընկերության 2 աշխատակից լեռնամետալուրգիայի ոլորտում ներդրած ավանդի և «Չաարատ Կապան» ՓԲ ընկերությունում արգասաբեր գործունեության համար պարգևատրվել են միության հուշամեդալով։
Չաարատ Կապանի և Կապան համայնքի միջև կնքվեց համագործակցության համաձայնագիր
«Չաարատ Կապան» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Թովմասյանն ու Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը ստորագրեցին ընկերության և Կապան համայնքի միջև սոցիալ-տնտեսական համագործակցության համաձայնագիր։ Համագործակցության շրջանակներում ընկերությունը 100 միլիոն դրամ է տրամադրելու Կապան քաղաքի Լեռնագործների 16 հասցեում վերակառուցվող նախադպրոցական ուսումնական հաստատության շինարարական աշխատանքների համար։ Հանդիպմանը ներկա էին նաև Չարատ Գոլդ Հոլդինգի ղեկավարությունը։
Դավիթ Թովմասյանը նշեց, որ Չաարատ Կապանը, շարունակելով ընկերության տարիների ավանդույթները, մշտապես լինելու է համայնքի կողքին։
«Ուրախ ենք, որ ընկերությունը իր նպաստն է ունենալու մեր երեխաների բարեկեցությանն ու զարգացմանն ուղղված այս կարևոր նախաձեռնության մեջ»,- նշեց ընկերության տնօրենը։
Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց «Չաարատ Կապան» ՓԲ ընկերությանը և նշեց, որ նոր նախակրթարանի անհրաժեշտությունը չափազանց կարևոր է համայնքի համար, որի գործարկումով շուրջ 200 երեխայի հաճախելիության հարց է լուծվելու։
Կողմերը վստահություն հայտնեցին, որ այսքանով ընկերություն-համայնք համագործակցությունը չի ավարտվելու և առաջիկայում կլինեն նոր նախաձեռնություններ ևս։