Չաարատ Կապանի և Կապան համայնքի միջև կնքվեց համագործակցության համաձայնագիր

«Չաարատ Կապան» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Թովմասյանն ու Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը ստորագրեցին ընկերության և Կապան համայնքի միջև սոցիալ-տնտեսական համագործակցության համաձայնագիր։ Համագործակցության շրջանակներում ընկերությունը 100 միլիոն դրամ է տրամադրելու Կապան քաղաքի Լեռնագործների 16 հասցեում վերակառուցվող նախադպրոցական ուսումնական հաստատության շինարարական աշխատանքների համար։ Հանդիպմանը ներկա էին նաև Չարատ Գոլդ Հոլդինգի ղեկավարությունը։

Դավիթ Թովմասյանը նշեց, որ Չաարատ Կապանը, շարունակելով ընկերության տարիների ավանդույթները, մշտապես լինելու է համայնքի կողքին։
«Ուրախ ենք, որ ընկերությունը իր նպաստն է ունենալու մեր երեխաների բարեկեցությանն ու զարգացմանն ուղղված այս կարևոր նախաձեռնության մեջ»,- նշեց ընկերության տնօրենը։

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց «Չաարատ Կապան» ՓԲ ընկերությանը և նշեց, որ նոր նախակրթարանի անհրաժեշտությունը չափազանց կարևոր է համայնքի համար, որի գործարկումով շուրջ 200 երեխայի հաճախելիության հարց է լուծվելու։
Կողմերը վստահություն հայտնեցին, որ այսքանով ընկերություն-համայնք համագործակցությունը չի ավարտվելու և առաջիկայում կլինեն նոր նախաձեռնություններ ևս։